ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Արված գործը կարևոր փաստարկ է

Արված գործը կարևոր փաստարկ է
26.05.2009 | 00:00

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՍԿՍՎՈՒՄ Է ԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԱՅՆՔԻՑ»
Համայնքներում հանրապետական կուսակցության ընտրողների հետ հանդիպումները գնալով ավելի ու ավելի բազմամարդ են դառնում: Հազարավոր երևանցիներ գալիս են հանդիպելու գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ հետ` նրան անձամբ ներկայացնելու իրենց խնդիրները:
«Պետությունն սկսվում է կայացած համայնքից,-
ասում է Գագիկ Բեգլարյանը։- Եթե մենք կարողանանք տեղական ինքնակառավարման համակարգը կայացնել, համարեք, որ կայացրել ենք պետությունը: Յուրաքանչյուր զարգացած երկրում առաջինը հենց ՏԻՄ-երի կայացումից են սկսել։ Մենք 20 տարի ուշացել ենք: Մայիսի 31-ից հետո պետք է կարողանանք Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում կայացնել ինքնակառավարման ինստիտուտը»:
Արաբկիրում հանրապետականի թեկնածուներին աջակցելու կոչով հանդես եկան այս համայնքում ապրող հայտնի երգչուհի Ռաիսա Մկրտչյանն ու ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը: «Եթե ղեկավարը սրտացավ չէ, բան դուրս չի գա, սուտ բան է: Գագիկ Բեգլարյանը, քաղաքի խնդիրներից բացի, անչափ ուշադիր է նաև մշակույթի նկատմամբ, իսկ դա կարևոր բան է, շատ կարևոր բան` ազգի համար, պետականության համար»,- իր խոսքում նշեց Ալբերտ Մկրտչյանը:
Մայրաքաղաքի մշակութային ավանդույթների վերականգնումը Գագիկ Բեգլարյանի հիմնական կարգախոսներից է: «Մենք դաստիարակվել ենք նաև թատրոնով: Խոստացել եմ մեր հայտնի դերասաններին, որ մայրաքաղաքի թատրոններում վերականգնվելու են ցերեկային ներկայացումները, որոնց հիմնական այցելուները քաղաքապետարանի աջակցությամբ լինելու են դպրոցականները: Այդ փորձը Կենտրոն համայնքում թանգարանների օրինակով մենք արդեն ունենք»,- Արաբկիրի ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գործող քաղաքապետը:
Նոր Նորքում Գայի արձանի մոտ հանրապետականի ֆավորիտների հետ հանդիպումը նույնպես մարդաշատ էր։ «Մեր թիմը, ներդնելով իր տարիների փորձը, աշխատասիրությունը, գնահատելով ու հաշվի առնելով յուրաքանչյուրիդ մտահոգությունն ու առաջարկությունը, իր համոզիչ աշխատանքով ապացուցելու է, որ մինչ օրս արվածը կրկնապատկվելու, եռապատկվելու և քառապատկվելու է»,- նշեց Բեգլարյանը:
Բոլոր թաղամասերում բնակիչները շրջապատում էին Գագիկ Բեգլարյանին` գրավոր և բանավոր բազմաթիվ հարցեր ուղղելով:
Բակային հանդիպումները գործող քաղաքապետը կարևորում է հատկապես ծայրամասային թաղամասերում` Ջրվեժ, Նորագավիթ, Նուբարաշեն, Էրեբունի և այլն: «Նախընտրել ենք բակային հանդիպումների մարտավարությունն այն պատճառով, որ մեր ասելիքը ներկայացնենք` ուղիղ ձեր աչքերին նայելով: Հավատացեք` տիրապետում ենք խնդիրներին և, որ առավել կարևոր է, մեր մեջ ուժ ենք գտել դրանք լուծելու: Իսկ եթե հայ տղամարդը մարդկանց աչքերին նայեց, ինչ-որ բան խոստացավ, ուրեմն անպայման պետք է անի։ Այդպես է, չէ՞»,- դիմելով հավաքվածներին` ասաց Բեգլարյանը:
Քաղաքամերձ ավան համարվող Նորագավիթում միայն արված գործին են հավատում: Գործող քաղաքապետին այստեղ շատ ջերմ ընդունեցին։ «Նորագավիթում վերջին երկու ամսում կատարվել են այնպիսի աշխատանքներ, ինչպիսիք 40 տարի չէին արվել։ Ասֆալտապատվել են փողոցները, բակերը` լուսավորվել: Կարգավորվել է աղբահանության հարցը, որն անգամ խորհրդային տարիներին մեզանում պրոբլեմատիկ է եղել»,- մեզ հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը: «Որոշ կուսակցություններ գալիս, ինչ-որ բաներ խոստանում, գնում են, բայց դրանք օդի մեջ խոսքեր են, իսկ Բեգլարյանն իր բոլոր ասածները կատարում է, և մենք դա արդեն տեսնում ենք»,- նշեց մեր զրուցակից մյուս նորագավիթցին:
«Կատարված աշխատանքները շարունակական են լինելու»,- խոստացավ Բեգլարյանը: Շենգավիթի անհատական բնակելիներով կառուցապատված թաղամասերի բնակիչները մտահոգ են իրենց տների օրինականացման խնդրով: Քաղաքապետը նշեց, որ իր կողմից վերջին երկու ամսում անհատույց օրինականացման վերաբերյալ 3300 որոշում է կայացվել։ «Անհատույց օրինականացման դրական որոշումը դիմումն ընդունելուց 20 օր հետո բնակիչը կստանա»,- հավաստիացրեց նա:
Ծայրամասային մյուս թաղամասը, որտեղ կարևոր է ենթակառուցվածքների զարգացումը, Ջրվեժն է։ «Մենք գլոբուսից դուրս ենք»,- կատակում են տեղացիները:
«ՈՒզում եմ ամեն ինչ անել, որ Ջրվեժը չտարբերվի մյուս թաղամասերից»,- խոստացավ քաղաքապետը ջրվեժցիների հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ կարճ ժամանակում կկարգավորվի տրանսպորտի հարցը, կնորոգվի այս թաղամասի դպրոցը, կկառուցվեն խաղահրապարակներ, իսկ փողոցների ասֆալտապատումն ու լուսավորությունն արդեն ընթացքի մեջ են:
Նոր Արեշի բնակիչների հետ նույնպես Գագիկ Բեգլարյանի հանդիպումը բակային էր։ «Սիրելի նորարեշցիներ, չափազանց կարևոր է գիտակցել, որ առաջիկա ընտրությունը ոչ միայն և ոչ այնքան անձերի ու կուսակցությունների, որքան քաղաքի կառավարման նոր մոդելի, նոր համակարգի ընտրություն է: Եվ ես ձեզ դիմում եմ ոչ թե որպես ընտրողների, այլ առաջին հերթին` որպես երևանցիների: Ճիշտ ընտրություն կատարեք, քանի որ Երևանի վաղվա օրվա ու ապագայի որոշողը դուք եք լինելու»,- նշեց նա:
Կատարված աշխատանքը բնակիչների համար կարևոր փաստարկ է։ «Գագիկ Բեգլարյանը, Տարոն Մարգարյանի հետ, վստահություն ներշնչող թիմի լիդերներ են, որոնց հավատում ենք: Նրանք այդ վստահությունն իրենց աշխատանքով են ձեռք բերել: Պետք է գնահատել կատարված աշխատանքը»,- նշեց Նոր Նորք համայնքի տարեց բնակիչներից մեկը։
Իսկ ընտրություններում հաղթելու թիվ մեկ գրավականն էլ հենց համաքաղաքացիների հավատն ու վստահությունն է:
Վ. ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 2534

Մեկնաբանություններ